Եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի

Button
Կայքի ճիշտ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ բրաուզերները Google Chrome, Safari կամ Mozilla Firefox

Կոկորդի ցավ երեխաների մոտ

Հիվանդ երեխան երբեք հեշտ չէ։ Ե՛վ երեխայի, և՛ ծնողների համար։

Ծանոթ է. տղան կամ դուստրը վերադառնում են դպրոցից, աչքերը ցավագին փայլում են, հոգնած տեսք, վատ տրամադրություն և առաջին բողոքը կոկորդի ցավն է: Իհարկե անմիջապես ուզում ենք օգնել երեխային, շրջապատել նրան խնամքով և սիրով: Գործի է դրվում ամեն ինչ՝ թեյ մեղրով և ազնվամորիով, բրդյա գուլպաներ, հարմարավետ վերմակ և նուրբ գրկախառնություններ։ Օգտակար կարող են լինել հակաջերմային դեղամիջոցները, հազը և կոկորդի ցավն  թեթևացնող  առանց դեղատոմսի դեղամիջոցները, ինչպես նաև քթի լորձաթաղանթը խոնավեցնող միջոցներ: Այս ամենն, իհարկե, օգնում է, բայց ո՞րն է հիվանդության պատճառը։ Եկեք տեսնենք, թե եր՞բ և ինչ՞ու կարող է երեխաների մոտ կոկորդի ցավ առաջանալ:

Ինչ՞ն է առաջացնում տհաճ ախտանշաններ:

Գրգռվածությունը, կարմրությունը, կուլ տալու դժվարությունը և վերջապես կոկորդի ցավը – դրանք այն բոլոր ախտանշաններն են, որոնցից երեխան կարող է բողոքել: Տհաճ ախտանշանների առաջացման  պատճառները տարբեր են, փորձենք նշել ամենատարածվածները:

10 երեխաներից 9-ի մոտ կոկորդի ցավի պատճառը սովորական մրսածությունն է՝ սուր շնչառական վիրուսային վարակը։ Այսինքն ցավը պայմանավորված է վիրուսով։

Գիտե՞ք արդյոք

Կոկորդի քորը, այրոցի զգացումը և ցավը կարող է առաջացնել… չոր օդը! Շատ հաճախ դա տեղի է ունենում բնակարանների ջեռուցման սեզոնի ժամանակ, երբ ջեռուցման մարտկոցները շատ են տաքացնում օդը և սենյակում խոնավությունը նվազում է: Օդի խոնավացուցիչը, որը դուք կարող եք գնել կամ պատրաստել ինքներդ, կարող է օգնել կանխել այս իրավիճակը:

Հակաբիոտիկներ – շատ դեպքերում խնդրի լուծում չեն

Այստեղ կարևոր է հիշել, որ հակաբիոտիկները անարդյունավետ են վիրուսային վարակի դեպքում, և չպետք է դրանք ինքնուրույն ընդունել՝ առանց բժշկի նշանակման: Սուր շնչառական վարակի դեպքում կօգնեն առատ, տաք (ոչ եռման) հեղուկները, քունը և հանգիստը։ Ավելի լավ է ընտրել փափուկ բնույթի սնունդ, որը չի վնասի գրգռված կոկորդը, կլինի հարուստ  վիտամիններով և հանքանյութերով։ Սնունդը ևս չպետք է շատ տաք լինի։ Ցավն ու այտուցը թեթևացնելու համար կարող եք օգտագործել առանց դեղատոմսի դեղորայք:

Տարբեր տեսակի վարակներ

Եթե ​​կոկորդի ցավը ուղեկցվում է բարձր ջերմությամբ և թուլությամբ, ապա պատճառ կարող է հանդիսանալ ստրեպտոկոկային բակտերիան, որը առաջացնում է անգինա: Ավելի հաճախ անգինայով հիվանդանում են  5-15 տարեկան երեխաները: Անգինայի հավանական ախտանշաններից մեկը նշագեղձերի վրա սպիտակ նստվածքային կղզիների առաջացումն է , որոնք տեսանելի են հետազոտության ժամանակ: Նման իրավիճակում պետք է դիմել բժշկի, քանի որ անհրաժեշտ է հակաբիոտիկային թերապիա և բժշկի դեղատոմսի խստիվ պահպանում, քանի որ անգինան կարող է առաջացնել տարբեր բարդություններ:

Գրիպ

Գրիպը վիրուսային հիվանդություն է, որն առաջին հերթին ազդում է շնչառական համակարգի վրա՝ քիթ, կոկորդ, թոքեր:Որո՞նք են գրիպի ամենատարածված ախտանշանները: Բարձր ջերմություն, մկանային ցավ, դող և քրտնարտադրություն, գլխացավ, կայուն չոր ​​հազ, շնչահեղձություն, հոգնածություն և թուլություն, քիթի փակվածություն, աչքերի ցավոտ արձագանք լույսի նկատմամբ, փսխում և փորլուծություն, որն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, քան մեծահասակների, և իհարկե, կոկորդի ցավ։ Բուժումը սովորաբար սիմպտոմատիկ է:

COVID-19

COVID-19-ը երեխաների մոտ ընթանում է  ավելի մեղմ, քան մեծահասակների մոտ։ Միևնույն ժամանակ, այս հիվանդության ախտանշաններից հարկ է նշել կոկորդի ցավը, ջերմությունը, թուլությունը, չոր հազը և շնչարգելությունը։ Եթե ​​կասկածում եք, որ երեխայի մոտ հիվանդությունը «covid»-ային բնույթի է (օրինակ՝ կան հիվանդության հաստատված դեպքեր ընտանիքում կամ երեխայի հետ շփվող մարդկանց շրջանում), անհապաղ դիմեք մանկաբույժին և հետևեք նրա խորհուրդներին։

Մոնոնուկլեոզ

Մոնոնուկլեոզը հիվանդություն է, որն պայմանավորված է Էպշտեին-Բարրի վիրուսով: Վարակիչ մոնոնուկլեոզը կոչվում է նաև «համբույրի հիվանդություն», քանի որ վիրուսը փոխանցվում է թքի միջոցով: Բայց իրականում համբուրվելը պարտադիր չէ, բավական է խմել վիրուսակիր հիվանդի  հետ մեկ բաժակից կամ շշից։ Ինկուբացիոն շրջանը տևում է չորսից վեց շաբաթ, բայց երեխաների մոտ կարող է  ավելի կարճ տևել: Հիվանդության ախտանշաններն ավելի հաճախ արտահայտվում են  դեռահասների մոտ։ Երեխաների մոտ հիվանդությունը կարող է աննշան ընթանալ: Ամենից հաճախ մոնոնուկլեոզով հիվանդը գանգատնվում է հոգնածությունից, բարձր ջերմությունից և գլխացավից: Հետազոտության ժամանակ բժիշկը նկատում է պարանոցի և թևատակերի ավշային հանգույցների մեծացում, մաշկի ցան: Եվ այստեղ կարևոր է նշել կոկորդի ցավի մասին. այն կարող է սխալմամբ ախտորոշվել որպես ստրեպտոկոկային անգինա, որը չի անհետանում հակաբիոտիկային բուժումից հետո: Ախտորոշումը կատարվում է հիվանդի արյան մեջ անտիգենների հայտնաբերումից  հետո։

Լարինգիտ

Եթե ​​խոսքը կոկորդի ցավի մասին է, ապա հարկ է նշել լարինգիտը։ Սա կոկորդում ձայնալարերի բորբոքումն ու այտուցումն է։ Պատճառը ինչպես և  վերին շնչուղիների այլ հիվանդությունների դեպքում՝ հիմնականում վիրուսներն ու բակտերիաներն են։ Ձայնալարերի բորբոքում կարող է առաջանալ նաև ցրտահարման ժամանակ, բերանով սառը կամ տաք չոր օդի ներշնչմամբ, փոշու բարձր պարունակությամբ օդ շնչելիս, կոկորդի գերլարումից (օրինակ՝ բղավելիս): Ամենից հաճախ լարինգիտի դեպքում հանդիպում է  կոկորդի ցավի, չորության և քորի զգացում, ձայնը դառնում է խռպոտ, իսկ երբեմն էլ ժամանակավորապես անհետանում է: Իհարկե, կարող է  նաև լինել ցավոտ զգացողություններ, որոնք առաջանում են լորձաթաղանթի այտուցվածությունից: Բուժումն ուղղված է հիվանդության պատճառի վերացմանը (հիվանդության ինֆեկցիոն բնույթի ժամանակ),  բորբոքումը, ցավն ու անհանգստությունը վերացնելու, ինչպես նաև ձայնը վերականգնելու համար։

Եր՞բ է հարկավոր դիմել բժշկի

Անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, եթե  բացի կոկորդի ցավից երեխան ունի.

  • 3 օրից ավելի բարձր մարմնի ջերմաստիճան
  • Երեխան ջրազրկված է (սակավ թքարտադրություն, սակավ մեզի արտահոսք)
  • Դժվարացած շնչառություն
  • Բացի կոկորդից, ցավ կա ականջներում կամ քթի շրջակայքում
  • Երեխան չի կարողանում հեղուկ կամ թուք կուլ տալ:
  • Կոկորդի ցավը, որը տևում է ավելի քան 48 ժամ, ուժեղանում է կամ միակ ախտանշանն է
  • Առողջական վիճակը վատթարանում է։

Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող իրավիճակներից էվերին շնչուղիներում օտար մարմնի առկայությունը: Օրինակ՝ երեխան առանց նկատելու ձուկ է ուտում և ոսկոր կուլ տալիս։ Այն կարող է կպչել կոկորդի պատին՝ առաջացնելով ցավ, այտուց և գրգռում։ Եթե ​​կասկածում եք, որ կոկորդի ցավի պատճառը օտար մարմինն է, երբեք մի փորձեք ինքներդ հեռացնել այն կամ այն ավելի խորը մղել  ավելի կոշտ սննդով:

Անհապաղ դիմեք բժշկի։

Իհարկե, կոկորդի ցավի պատճառները շատ են տարբեր: Ամփոփելով, երեխաների մոտ կոկորդի ցավը առավել հաճախ կարող է առաջանալ վիրուսների կամ բակտերիաների պատճառով: Բուժումը սիմպտոմատիկ է՝ ուղղված  ցավը և բորբոքումը թեթևացնելուն։ Բայց եթե կասկածում եք կամ երեխայի  ինքնազգացողությունը ձեզ անհանգստացնում է, ապա անմիջապես դիմեք բժշկի։

Հետաքրքիր է!

Բոլոր հոդվածները