Կոկորդի ցավի հաճախ հանդիպող պատճառները

Համաձայնեք, ոչ ոք չի ուզում հիվանդանալ։ Կոկորդի ցավը կարող է հանկարծակի առաջանալ և ուղեկցվել տարբեր տհաճ ախտանշաններով՝ սկսած ցավից, կլման դժվարությունից մինչև ուժեղ ցավ և ձայնի ամբողջական կորուստ: Տեսնենք, թե որոնք են այս վիճակի ամենատարածված պատճառները:
Կոկորդի ցավը (անգլերեն sore throat) ընդհանուր հասկացություն է։ Ամենատարածված ախտանիշներն են՝ քոր, անհանգստություն, կուլման ակտի դժվարություն և կոկորդի ցավ:
Կոկորդի ցավը վերին շնչուղիների վարակների ամենատարածված ախտանշաններից մեկն է: Այս վարակները տարեկան կազմում են ավելի քան 13 միլիոն բժշկի այցելություն!
Կոկորդի ցավը կարող է լինել վարակիչ (վիրուսներ, բակտերիաներ, սնկեր) կամ ոչ վարակիչ (օրինակ՝ չոր, փոշոտ օդ, ծխել և այլն): Հարկ է նշել, որ թեև այս վիճակը որոշակի անհանգստություն է առաջացնում, այն սովորաբար անցնում է ինքնուրույն կամ նվազագույն սիմպտոմատիկ բուժման դեպքում:
Կախված կոկորդի ախտահարված հատվածից՝ առանձնանում են հետևյալ հիվանդությունները`
- Ֆարինգիտ – կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը
- Տոնզիլիտ – նշագեղձերի այտուցվածություն և կարմրություն
- Լարինգիտ – կոկորդի այտուց և կարմրություն
Ահա և կոկորդի ցավի ամենատարածված պատճառները։
Սուր շնչառական վիրուսային վարակներ, գրիպ և այլ վիրուսներ
Վիրուսներն առաջացնում են կոկորդի ցավերի ավելի քան 90%-ը մեծահասակների մոտ և մինչև 70%-ը՝ երեխաների մոտ: Վիրուսային հիվանդությունները ներառում են՝
- Մրսածություն (մրսածության պատճառ կարող են լինել տարբեր վիրուսներ)
- Գրիպ
- Ֆարինգիտ
- Վարակիչ մոնոնուկլեոզ
- Կարմրուկ
Անգինա և այլ բակտերիալ վարակներ
Բակտերիաները ևս կարող են առաջացնել կոկորդի ցավ։ Ամենատարածված բակտերիալ վարակը անգինան է՝ նշագեղձերի և կոկորդի լորձաթաղանթի սուր բորբոքումը, որն առաջանում է A խմբի բ-հեմոլիտիկ ստրեպտոկոկից: Ստրեպտոկոկային անգինան առաջացնում է կոկորդի ցավի դեպքերի մոտ 30-40%-ը երեխաների և մեծահասակների կոկորդի ցավի դեպքերի մինչև 20%-ը:
Չոր օդ
Չոր օդը կարող է չորացնել բերանի և կոկորդի լորձաթաղանթը: Ջեռուցման սեզոնի ընթացքում օդը հաճախ չափազանց չոր է: Դա կարող է առաջացնել այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսիք են կոկորդի լորձաթաղանթի չորությունն ու բորբոքումը։

Երբեմն կոկորդի ցավն ու հազը առաջանում են միաժամանակ
Ծուխ, քիմիական նյութեր և այլ գրգռիչներ
Շրջակա միջավայրի բազմաթիվ քիմիական և այլ նյութեր գրգռում են կոկորդը, այդ թվում՝
- Ծխախոտի ծուխ
- Աղտոտված օդը(մեծ քաղաքներում և արդյունաբերական տարածքներում)
- Մաքրող միջոցներ և այլ քիմիական նյութեր:
Վնասվածք
Կոկորդի կամ նույնիսկ պարանոցի ցանկացած վնասվածք, խրված սննդի կտոր կարող է առաջացնել գրգռվածություն և կոկորդի ցավ:
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (ԳԷՐՀ)
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (ԳԷՐՀ) ժամանակ ստամոքսից թթուն մտնում է կերակրափող՝ նեղ խողովակ, որը միացնում է կոկորդն ու ստամոքսը: Թթունն «այրում է» կերակրափողն ու կոկորդը՝ առաջացնելով այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են այրոցը, թթվային ռեֆլյուքսը, ինչպես նաև կոկորդի ցավն ու ձայնի խռպոտություն:
Կոկորդի ցավը կարող է առաջանալ երկար ժամանակ բղավելուց, բարձր խոսելուց կամ երգելուց հետո: Կոկորդի ցավը սովորական բողոք է ֆիթնես հրահանգիչների և մարզիչների, ուսուցիչների շրջանում, ովքեր ստիպված են բարձր խոսել:
Reference materials:
- Stewart EH, Davis B, Clemans-Taylor BL et al. Rapid antigen group A streptococcus test to diagnose pharyngitis: a systematic review and meta-analysis. PLoS One. 2014;9(11):e111727. Worrall G. Acute sore throat. Can Fam Physician. 2011;57(7):791-794.
- Shaikh N, Leonard E, Martin JM. Prevalence of Streptococcal Pharyngitis and Streptococcal Carriage in Children: A Meta-analysis. Pediatrics. 2010, 126 (3) e557-e564 https://www.webmd.com/allergies/postnasal-drip#:~:text=Postnasal%20drip%20makes%20you%20feel,you%20a%20sore%2C%20scratchy%20throat.
- https://medvestnik.ru/content/interviews/GERB-schitaut-boleznu-sovremennoi-civilizacii.html